Քեսաբ-Լաթաքիա մայրուղին ազատագրված է
ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը, ազատագրելով Քեսաբի մերձակայքում գտնվող Զահի լեռնագագաթը, ազատագրել է նաև Քեսաբ-Լաթաքիա մայրուղին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբարությունից, ազատագրվել են մայրուղու բոլոր այն բլուրներն ու անտառները, որոնք օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից՝ դիպուկահարների տեղավորման կամ շրջանի բնակչության հրթիռակոծման նպատակով:
Բացված է Քեսաբ-Լաթաքիա մայրուղին՝ «Քասդալ Մուաֆ»-ը՝ մինչև Քեսաբի սահմանային անցակետը: Երեք տարի փակ լինելուց հետո՝ դեկտեմբերի 13-ին մի շարք փոխադրամիջոցներ օգտագործել են այդ ճանապարհը Լաթաքիայից Քեսաբ ուղևորվելու համար:
Սիրիական բանակը ներկայում վերականգնում է մայրուղին՝ ականազերծելով ու ասֆալտապատելով այն, մինչև ճանապարհահատվածը վերջնականապես կհայտարարվի ապահով տարածք:
Աղբյուրը տեղեկացնում է, որ քեսաբցիները ներկայում ավելի հանգիստ են, իսկ շրջանը զերծ է թեժ բախումներից: