Էրդողանն ու Օբաման Փարիզում խոսել են ռուս-թուրքական հարաբերություններից

Armenpress 14:52, 1 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» լրատվականը, կողմերը քննարկել են սիրիական զարգացումները, ինչպես նաև ռուս-թուրքական հարաբերությունները:

Հանդիպումից հետո լրագրողներին տված պարզաբանման մեջ Էրդողանն անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ իրենց հիմնական խնդիրը հարցը դիվանագիտական ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորելն է: «Տարածաշրջանային լարվածությունը մեզ էլ է տխրեցնում: Մեր մտահոգությունն այն է, որ այս իրավիճակից վնասով դուրս չգանք, այլ, հակառակը, այս ամենը խաղաղության վերածելով՝ նպաստենք խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,- ասել է Էրդողանը:

Միացյալ Նահանգների նախագահ Օբաման հավանություն է տվել Էրդողանի այս խոսքերին՝ հավելելով. «Պուտինի հետ զրույցում ևս ընդգծել եմ, որ լարվածությունն ավելացնելը որևէ օգուտ չի տա: Այս հարցում աշխատենք միասին»: Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն սատարում է ինքն իրեն պաշտպանելու Թուրքիայի իրավունքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am