Տարոն Մարգարյանը բավարար չի համարում բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները

Armenpress 13:30, 30 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 51 դեպքի մասով: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 4 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ բավարար գնահատելով այդ ուղղությամբ աշխատանքների ներկա ընթացքը,  պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել խիստ և հետևողական:

«Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի արդյունքները բավարար չեն: Անհրաժեշտ է շարունակել խիստ հսկողությունը: Հատկապես վերջին շրջանում կրկին նկատելի է այդ երևույթի աշխուժացում, ինչն անթույլատրելի է: Ըստ այդմ, ուժեղացրեք հսկողությունը հատկապես բակային տարածքներում, կամարանցումներում և շքամուտքերում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am