Դանիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ փոխարտգործնախարար Նազարյանին

Armenpress 19:46, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 26-ին Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Կիև) Քրիստիան Դոնս Քրիստենսենն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Ընդգծվել է հայ-դանիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, որին մեծապես նպաստել է 2011 թվականից Կոպենհագենում գործող ՀՀ դեսպանությունը։ Կարևորվել է հայ-դանիական քաղաքական երկխոսությունը, մշակութային և խորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվել են առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:

Նախարարի տեղակալն ու Դանիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հրատապ խնդիրների, միջազգային կազմակերպությունների և նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am