ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Լավրովի հետ իբր սպասվող հանդիպման մասին Անկարայի հայտարարությունները

Armenpress 19:30, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը թուրքական կողմի հետ հանդիպումների անցկացման համաձայնություն չի տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունում:

«Ուշադրություն ենք դարձրել Լավրովի հետ իբր սպասվող հանդիպման մասին Թուրքիայի պաշտոնական անձանց հերթական հայտարարությունների վրա: Կրկին ցանկանում ենք ընդգծել. ռուսաստանցի նախարարը նման հանդիպումների անցկացման համաձայնություն չի տվել»,- նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմհեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմից արձակված հրթիռով եւ վայր ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կատարվածն անվանել է «հարված թիկունքից», որը հասցվել է Ռուսաստանին «ահաբեկիչների հանցակիցների կողմից»: «Այդ իրադարձությունը դուրս է ահաբեկչության դեմ սովորական պայքարի շրջանակից: Այսօրվա կորուստը կապված է հարվածի հետ, որը մեր թիկունքին հասցրեցին ահաբեկիչների հանցակիցները: Այն, ինչ այսօր տեղի է ունեցել, ես չեմ կարող այլ կերպ անվանել»,-ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ երկրորդի հետ հանդիպման ժամանակ: ՌԴ Դաշնային Խորհրդում առաջարկում են ժամանակավորապես կասեցնել Թուրքիայի հետ բոլոր կապերը: Իսկ Թուրքիան այս հարցով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՆԱՏՕ-ին, ինչպես նաև ԱԳՆ է կանչել ԱՄՆ, Ֆրանսիայի,Չինաստանի և Միացյալ Թագավորության դեսպաններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am