Սերգեյ Սմբատյանը կղեկավարի «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախումբը

Armenpress 17:05, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 26-ին Չայկովսկու անվան համերգասրահում ղեկավարելու է համաշխարհային մեծ համբավ ունեցող «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, Սերգեյ Սմբատյանի ղեկավարած համերգով կեզրափակվի VIVACELLO միջազգային փառատոնը։

Փառատոնի փակման համերգը նվիրված է Պյոտր Չայկովսկու 175-ամյա հոբելյանին։ Երեկոյի ընթացքում հանդես են գալու Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր թավջութակահարներ։ Նախորդ տարիների դափնեկիրներ Իվան Մոնիգետտիի և Բորիս Անդրիանովի հետ ելույթ կունենա նաև մրցույթի այս տարվա հաղթողը՝ 17-ամյա վիրտուոզ թավջութակահար Ջոնաթան Ռոուզմանը։

Ծրագրում հնչելու են Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի և Ալեքսանդր Ռոզենբլատի ստեղծագործությունները։ Ռոզենբլատի թավջութակի և նվագախմբի համար գրված Jazz Rococo վարիացիաներ ստեղծագործությունը կատարվելու է առաջին անգամ։ Կոմպոզիտոր Ալեքսանդր Ռոզենբլատը հայտնի է դասականների ջազային մշակումներով։ Հատուկ այս համերգի համար նա գրել է Չայկովսկու Ռոկոկո թեմաներով վարիացիաների սեփական տարբերակները։

«Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբը ստեղծվել է 1979թ., հիմնադիրը, գլխավոր դիրիժորը և գեղարվեստական ղեկավարն է աշխարհահռչակ Վլադիմիր Սպիվակովը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am