«Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի շրջանակում հանդիպումներ են անցկացվել 1000 ուսուցիչների հետ

Armenpress 10:23, 26 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը և Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը 2015 թ. հոկտեմբերի 22-ից սկսած` իրականացրել են «Աստվածաշունչ դպրոցներին» ծրագրի առաջին փուլը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ծրագրի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Արմավիրի, Տավուշի, Շիրակի մարզերի հանրակրթական դպրոցների «Հայոց եկեղեցու պատմություն» առարկա դասավանդող շուրջ 1000 ուսուցիչների հետ: Այդ առիթով նրանց ընծայվել են Աստվածաշունչ մատյաններ:

Նոյեմբերի 25-ին ՔԴԿ տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանն ու Հայաստանի աստվածաշնչային ընկերության ծրագրերի պատասխանատու Արշավիր Գաբուջյանն առաջին փուլի ամփոփման կապակցությամբ հանդիպում են ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի արդյունավետությանը, հաջող ընթացքին, ինչպես նաև նշվել է, որ ծրագիրը մեծ խանդավառություն է առաջացրել մասնակից ուսուցիչների շրջանակներում:

Ծրագրի երկրորդ փուլի իրականացումը նախատեսվում է 2016թ. գարնանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am