Հայաստանի, Ռուսաստանի և Մալթայի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցները համատեղ համերգ են ունեցել

Armenpress 13:02, 25 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պատանիները Մալթայում մասնակցել են երաժշտական ծրագրի:

 Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 25-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Այս օրերին Մալթայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի և Մալթայի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցների համատեղ համերգը, որն անցավ Մալթայի նախագահի մասնակցությամբ: Մենք երեկ ստացանք շնորհակալական նամակներ այս ծրագրին աջակցելու համար»,-գոհունակությամբ ընդգծեց մշակույթի նախարարը:

«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի» նախաձեռնությամբ Մալթայում իրականացվել է երաժշտական նախագիծ: Նոյեմբերի 9-15-ը տեղի ունեցած իրադարձությանը մասնակցել են Ռուսաստանի «Նոր անուններ» միջտարածաշրջանային բարեգործական հիմնադրամի (պատվիրակության ղեկավար՝ Վիկտոր Մաևսկի), Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի (ղեկավար՝ Սիլվա Մեքինյան) և Մալթայի Հանրապետության նորաստեղծ համանուն կազմակերպության (ղեկավար՝ Ալան Կիրկոպ) անդամները: Նախագծի շրջանակում երեք երկրների պատանի երաժիշտները հանդես են եկել համատեղ համերգներով, մասնակցել վարպետության դասերի և գիտագործնական քննարկումների: Երաժշտական նախագիծն իրականացվել է Մալթայի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո: Համերգներն ու վարպետության դասերն անցկացվել են Վալետտայի և Գոզո կղզու լավագույն համերգասրահներում, ՌԴ դեսպանատանը, Ռուսական մշակույթի կենտրոնում:  Հայկական պատվիրակության կազմում հանդես են եկել Հայաստանի «Նոր անուններ» ծրագրի անդամներ Աստղիկ Ղուկասյանը (դաշնամուր), Նարեկ Բալդրյանը (երգեցողություն), Գագիկ Հակոբյանը (դուդուկ), Մերի Մուսինյանը (քանոն):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am