Սահմանադրության նոր նախագիծը հաշվի է առել մեծամասնական ընտրակարգի առնչությամբ ընդդիմության մտահոգությունը

Armenpress 14:42, 24 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծամասնական ընտրակարգն անհավասար պայմաններ է ստեղծում ընդդիմության և իշխանության միջև: Նոր սահմանադրությունը առաջարկում է վերացնել մեծամասնական ընտրակարգը և Ազգային ժողովը ձևավորել բացառապես համամասնական ընտրակարգով: «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Լոռու մարզի Հաղպատ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը ներկայացրեց սահմանադրական նախագծի այն հիմնական դրույթը, որի ամրագրման համար ընդդիմությունը տասնամյակներ շարունակ պայքարել է:

Ֆարմանյանը, նշելով, որ պատմական փորձը ցույց է տվել` մեծամասնական տեղերի գերակշիռ մասը մշտապես պատկանել է իշխող ուժին և եղել է խորհրդարանական մեծամասնություն կազմելու հիմնական երաշխիքը, ասաց. «Տասնամյակներ շարունակ մեր ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր շատ տեղին հարցադրում են կատարել, թե ինչպես կարող են նրանք իշխանափոխություն իրականցնել, եթե 131 պատգամավորներից 41-ը ընտրվում են մեծամասնական ընտրակարգով»: Վերացնելով մեծամասնական ընտրակարգը, Սահմանադրության նոր նախագիծը տալիս է հնարավորություն գոնե մեկնարկային հավասար պայմաններ ստեղծել:

Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 16 գործիչներ նոյեմբերի 13-ից 20 օր շարունակ կլինեն Հայաստանի ամենատարբեր բնակավայրերում` հյուսիսից հարավ, ու կքարոզեն իրենց գաղափարները: Քարոզարշավն ուղիղ հեռարձակվում է «Արմնյուզ»-ի և Ա1+-ի համատեղ հեռուստանախագծի շրջանակում: «Արմենպրես»-ը պարբերաբար թողարկում է հետաքրքրական ֆոտոպատմություններ իրապատումից: ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am