Հայաստանը և Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային անվտանգության բնագավառում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը կհամագործակցեն միջուկային անվտանգության ոլորտում: Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագիրը միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության վերաբերյալ: Հիմնական զեկուցող, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրումը պայմանավորված էր նրանով, որ Հայաստանը մեծածավալ աշխատանքներ է կատարում ռուսական «Ռոսատում» ընկերության հետ, ինչպես հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման, այնպես էլ պլանավորված նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ: «Այս առումով նման համաձայնագրերը պարտադիր են, քանի որ դրանք հնարավորություն են տալիս անվտանգության բնագավառում կանոնակարգել համատեղ աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Գալստյանը:
Փոխնախարարը մանրամասնեց, որ որ համաձայնագրով ՌԴ-ն՝ ի դեմս «Ռոսատոմ» ընկերության, աջակցելու է Հայաստանին և հնարավորություն է տալու ապահովել միջուկային անվտանգության ենթակառուցվածքի կատարելագործումն աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների կառավարման ժամանակ, ներքին անվտանգության հատկանիշներով, նորարական միջուկային էներգետիկ տեղակայանքների մշակման, կադրերի պատրաստման, ճգնաժամային կենտրոնի համակարգի ստեղծման ուղղությամբ: «Այս համաձայնագրի շրջանակներում մենք կկարողանանք անմիջապես կանոնակարգել և կազմակերպել մեր աշխատանքները «Ռոսատոմ»-ի հետ, որի արդյունքում աշխատելու է մեր ատոմակայանը»,- եզրափակեց Արեգ Գալստյանը: