Հունական կայքն Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ»-ի ամենագեղեցիկ մասնակիցներից է համարում

Armenpress 18:35, 14 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունական gazzetta.gr կայքն Իվետա Մուկուչյանին «Եվրատեսիլ-2016»-ի ամենագեղեցիկ մասնակիցներից է համարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` կայքը հրապարակել է երգչուհու լուսանկարների մեծ շարք:  

«Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ին կներկայացնի Իվա Մուկուչյանը, որն այս պահին մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցն է: Իսկապես հիասքանչ հայ երգչուհի»,-հավելել է կայքը:

Հոկտեմբերի 13-ին հայտնի է դարձել «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը: Եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: «Եվրատեսիլ»-ի այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը եւ եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է:

«Անչափ ուրախ եմ եւ շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգեւորում եւ ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու եւ կարեւոր ճանապարհին»,- ավելի վաղ նշել է Իվետա Մուկուչյանը:

Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:

Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին: Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաեւ մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Գերմանիայում: Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում ՝ հայի»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am