Թուրքիան անկառավարելի է դարձել. իշխող կուսակցության իրավաբան

Armenpress 19:18, 13 Հոկտեմբեր, 2015

 ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման խորհրդի որոշումների կենտրոնի անդամ, իրավագիտության պրոֆեսոր Օսման Ջանը հայտարարել է, որ Թուրքիան անկառավարելի է դարձել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 լրատվական կայքը, Twitter-ի իր էջում արած գրառման մեջ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայում աճող բախումների մթնոլորտին եւ ահաբեկչական հարձակումներում զոհվածների մեծ թվին, իրավաբանը գրել է. «Վերջին 5 տարիներին մշտապես նշել եմ, որ քանի դեռ ղեկավարությունն արհամարհում է նոր հասարակական համաձայնության հիմքի վրա կառուցվածքային փոխակերպումը, երկիրն անկառավարելի է դառնալու: Այսօր մենք գտնվում ենք այդ ժամանակաշրջանում»:

2007 թվականին ԱԶԿ-ն փակելու դատական գործընթացի ժամանակ Օսման Ջանը եղել է Սահմանադրական դատարանում զեկուցողը:

Թուրքիայում հունիսին անցկացված հերթական խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ-ն Օսման Ջանին ընդգրկել էր իր պատգամավորության թեկնածուների ցուցակում, իսկ նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններում` չի ընդգրկել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am