Սիրիական բանակը ռազմավարական նշանակություն ունեցող գյուղ է ազատագրել Կունեյտրայում

Armenpress 17:15, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակն ազգային պաշտպանական խմբավորումների հետ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 13-ին վերահսկողություն է հաստատել Կունեյտրայի վարչական շրջանում գտնվող Թել Ահմար գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, գյուղը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Այնտեղ ոչնչացվել են ահաբեկչական կազմակերպությունների վերջին հավաքատեղիները:

Միևնույն ժամանակ, բանակի ստորաբաժանումներից մեկը Սուեյդայում «Իսլամական պետությանը» մեծ վնասներ է հասցրել: Լաթաքիայի Ռաբիա գյուղաքաղաքում սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, որոնց թվում երեք թուրքեր են եղել: Բացի դրանից, սիրիական բանակի ստորաբաժանումներն օդային ուժերի աջակցությամբ ԻՊ-ի և «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների թաքստոցներ են ոչնչացրել Հոմսում: Սիրիական օդային ուժերն ԻՊ-ին մեծ վնասներ են հասցրել Հալեպի և Դեր Զորի վարչական շրջաններում:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am