Հայաստանի ռուսական ռազմակայան կբերեն պահակային շներ

Armenpress 16:17, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռազմափոխադրական ավիացիայի ինքնաթիռներով Դոնի Ռոստովից Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայան կտեղափոխեն տասը պահակային շներ, որոնք նախատեսված են զինապահեստների եւ մարտական տեխնիկայի հավաքակայանների պահպանության համար: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Պահակային շներին Դոնի Ռոստով են բերել մերձմոսկովյան կինոլոգիական ուսումնական կենտրոնից, որտեղ դրանք հատուկ պատրաստություն են անցել: Շներին կօգտագործեն ինչպես ստացիոնար պահակակետերում, այնպես Էլ ազատ պահակության մեջ:

Չորսոտանի պահակները հիմնականում ծառայում են գիշերային ժամերին եւ եղանակային բարդ պայմաններում, երբ մարդու համար դժվար Է օբյեկտի մատույցները հսկել անվտանգ հեռավորության վրա: Շունն զգում Է մարդու մոտենալը եւ կարող Է այդ մասին նախազգուշացնել զինվորական պահակներին:

Պահակային ծառայության մեջ օգտագործվում են հիմնականում այնպիսի ցեղատեսակների շներ, ինչպիսիք են՝ գերմանական, արեւելաեվրոպական եւ կովկասյան հովվաշները: Նաեւ հանդիպում են ռոտվեյլերներ եւ նույնիսկ այնպիսի հազվագյուտ ցեղատեսակ, ինչպիսին բելգիական հովվաշունն Է:

Ներկայում ՌԴ Հարավային ռազմական օկրուգում ռազմական օբյեկտների պահպանության գործում ներգրավված են տարբեր ցեղատեսակների շուրջ 300 պահակային շներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am