Հայաստանը ողջունում է ԵՄ խորհրդի կողմից բանակցություններ սկսելու մանդատի տրամադրումը

Armenpress 13:45, 13 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ողջունում է Եվրամիության խորհրդի կողմից բանակցություններ սկսելու մանդատի տրամադրումը և լիահույս է, որ նոր փաստաթուղթը հարաբերությունները նոր մակարդակի կբարձրացնի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել` Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 12-ին կայացված որոշման առնչությամբ: «Կարևորում ենք Եվրոպական Միության խորհրդի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական հիմքի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրոպական Հանձնաժողովին մանդատի տրամադրումը: 

Լիահույս ենք, որ բանակցությունների արդյունքում մշակված փաստաթուղթը լավագույնս կարտահայտի Հայաստան-Եվրոպական Միություն փոխշահավետ համագործակցության խորությունը, կարտացոլի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համատեղ հանձնառությունը ու կուրվագծի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ փոխգործակցությունը»,-նշել է նախարար Նալբանդյանը:

Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունները կսկվեն մինչև տարեվերջ: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am