Էրոս Ռամազոտին 2016 թվականին համերգով հանդես կգա Երևանում

Armenpress 17:07, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր, համաշխարհային մեծության աստղ Էրոս Ռամազոտին 2016թ. ապրիլի 26-ին համերգ է տալու Հայաստանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ «Trident Music», «Global Communications» և «Forpostart Production» ընկերություններից, համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: 

Համերգն իրականանում է երգչի «Perfetto» համաշխարհային շրջագայության շրջանակում: Այս շրջագայությամբ նա մտադիր է գովազդել իր նոր համանուն ալբոմը, որը ներառում է 15 ստեղծագործություն: Համաշխարհային շրջագայությունը կմեկնարկի Իտալիայում:

Երգիչը Երևանում ցնցող և բացառիկ շոու է ծրագրում՝ հատուկ ռոբոտներով, կենդանի հնչողությամբ, շքեղ լուսավորությամբ ու գեղեցիկ հրատեխնիկայով: Շոուի սարքավորումները հազիվ են տեղավորվում տասը հսկայական բեռնատարներում, իսկ ուղեկցող թիմն ավելի քան 80 մարդուց է բաղկացած լինելու:

Ռամազոտին համագործակցել է բազմաթիվ արտիստների` այդ թվում` Շերի, Թինա Թերների, Անդրեա Բոչելիի, Ադրիանո Չելենտանոյի, Լուչիանո Պավարոտիի, Ռիկի Մարտինի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am