Ըմբիշ Կարեն Ասլանյանը Համաբանակային խաղերի արծաթե մեդալակիր է

Armenpress 16:55, 10 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում շարունակվում են Համաբանակային 6-րդ ամառային խաղերը: Հոկտեմբերի 10-ին մրցագորգ էր դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշ, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Երիտասարդների աշխարհի առաջնության նախկին չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:4 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ուկրայինացի Դենիս Դեմյանկովի նկատմամբ: Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը լեհ Դավիդ Կարեչինսկին էր, ում Ասլանյանը հաղթել էր 11:2 հաշվով: Կիսաեզրափակիչ գոտեմարտում բավականին լարված պայքարում Ասլանյանը 10:9 հաշվով առավելության էր հասել Եգիպտոսի ներկայացուցիչ Հուսեին Մուհամեդի նկատմամբ: Եզրափակչում հայ ըմբիշը 0:6 հաշվով զիջեց կորեացի Ջի Հուն Կիմին և դարձավ Համաբանակային 6-րդ ամառային խաղերի արծաթե մեդալակիր:

Սա Հայաստանի 2-րդ մեդալն էր: Հոկտեմբերի 9-ին, հունահռոմեական ոճի ըմբիշ, 80 կգ քաշային կարգի Սարգիս Քոչարյանը դարձել էր խաղերի բրոնզե մեդալակիր: Համաշխարհային բանակային խաղերն անցկացվում են արդեն 6-րդ անգամ: Այս տարի խաղերին մասնակցում են 110 երկրի 8700 մարզիկ:

Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Համաբանակային խաղերին: Մեր հավաքականը Կորեա է մեկնել 15 մարզիկով, ովքեր իրենց ուժերն են չափում հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում և հեծանվասպորտում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am