Եգիպտոսում վերականգնում են Թութանհամոնի հուղարկավորման դիմակը

Armenpress 15:39, 10 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի ազգային թանգարանում մեկնարկում է Հին Եգիպտոսի փարավոն Թութանհամոնի հուղարկավորման ոսկե դիմակի ռեստավրացիոն աշխատանքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, աշխատանքները կատարելու է եգիպտացի և գերմանացի գիտնականների խումբը:

Դիմակը կհանեն ապակե ցուցափեղկի տակից և կտեղափոխեն հատուկ սարքավորված սենյակ:

Աշխարհի ամենանշանավոր պատմական արժեք ունեցող իրերից մեկի վերականգնումն անհրաժեշտ դարձավ, երբ 2014թ. դրա վրա հայտնաբերվեցին էպոքսիդե խեժի հետքեր, ինչով, ամենայն հավանականությամբ, սոսնձել էին պոկված հատվածը:

Թութանհամոնի (մ.թ.ա. 1332-1323թթ.) հուղարկավորման ոսկե դիմակը հայտնաբերվել էր 1922թ. բրիտանացի Հովարդ Քարթերի կողմից Արքաների հովտում գտնվող հինեգիպտական փարավոնի կուսական մնացած դամբարանի պեղման ժամանակ: Հայտնաբերված դիմակը համարվում է ժամանակակից եգիպտոսի խորհրդանիշներից մեկը, և աշխարհի անգին հուշարձաններից է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am