ԿԸՀ-ն հոկտեմբերի 10-ին կհաստատի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակացույցը

Armenpress 15:31, 9 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին կգումարի արտահերթ նիստ` նվիրված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: «Հոկտեմբերի 10-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կգումարի նիստ, որում  կքննարկի 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման ու անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը»,-ասաց Հերմինե Հարությունյանը:

Հանրաքվեի մասին օրենքով սահմանված է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչությունն սկսվում է հանրաքվեի նշանակման օրվանից եւ ավարտվում քվեարկությունից մեկ օր առաջ: Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ օրենքով չարգելված ձեւերով եւ միջոցներով քարոզչություն կատարելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները եւ հասարակական միավորումները:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նշանակելու մասին:                                                                                                             



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am