Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների ոլորտի կարգավորման օրենսդրական փոփոխություններ է առաջարկում

Armenpress 20:00, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը  մարդու իրավունքների ոլորտում արձանագրել է համակարգային խնդիրներ, որոնցից 60-ն օրենսդրական լուծում են պահանջում: Ազգային ժողովում «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշեց, որ այդ 60-ից առանձնացրել է 40-ը, որոնք ներկայացվել են զեկույցում: «Այդ 40 խնդիրներն ուղարկվելու է բոլոր խմբակցությունների ղեկավարներին, հանձնաժողովներին, որպեսզի սերտ համագործակցության արդյունքում հարցերը լուծվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնեց Անդրեասյանը:

Խոսելով  լուծման կարիք ունեցող առկա խնդիրների մասին՝ Կարեն Անդրեասյանը ընդգծեց, որ անբավարար է գնահատվում պետպատվերով տրվող դեղերի որակը, քանի որ հայտարարված մրցույթներում հաղթում են նվազագույն գումար առաջարկող ընկերությունները, որոնց առաջարկը հաճախ որակական չափանիշներին չի համապատասխանում: «Պետք է վերանայել դեղերի գնումների գործընթացը: Էժան ապրանքը միշտ չէ որակով: Եթե այլ դեպքերում սա թույլատրելի է, դեղերի դեպքում չի կարելի առաջնորդվել այս սկզբունքով»,- շեշտեցԱնդրեասյանը:

Նա կոչ է անում կարգավորել նաև խնամակալության մարմիններին կից գործող հանձնաժողովների գործունեությունը: «Մեր տիկնայք ևս շահագրգռված կլինեն այս հարցով: Քանի որ չկան հստակ կարգավորումներ, ամուսնալուծության դեպքերում երեխաների ճակատագրերը լուծվում են ի վնաս նրանց, երբեմն անգամ ոչ ծնողների ներկայությամբ: Օրինակ` կարող են երեխաներին տալ հարբեցող ծնողին, սուր սոցիալական խնդիրներ ունեցող ծնողին»,- մանրամասնեց նա:

Անդրեասյանը խոսեց նաև լրագրողի աղբյուր չբացահայտելու մասին իրավունքի վերաբերյալ և շեշտեց, որ օրենսդրական կարգավորման արդյունքում պետք է ավելացնել դրույթ՝ առանց դատարանի որոշման լրագրողին հարցաքննության չկանչելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am