Արթուր Աբրահամը դարձել է Երևանի պատվավոր քաղաքացի

Armenpress 17:56, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամ դարձել է Երևանի պատվավոր քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամին, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին, երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշումների նախագծերին:

Աբրահամը IBF վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճել է 2005 թվականին` նոկաուտով առավելության հասնելով նիգերիացի Իկեկե Քինգսլիի նկատմամբ: Այդ տիտղոսը Աբրահամը պաշտպանել է մինչև 2009 թվականը: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 47 մենամարտ, որոնցից 43-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 6 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012, 2014թթ.) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ` ըստ գերմանական հեղինակավոր «Box Sport» ամսագրի վարկանիշի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am