Արմավիրում աղբի վերամշակման գործարան կկառուցվի 33 միլիոն եվրո ներդրումային ծրագրով

Armenpress 15:07, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում աղբի վերամշակման գործարանի կառուցման և ջերմոցային տնտեսություն հիմնելու ներդրումային  ծրագիրը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից: Գործադիրի նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց ծրագրի մանրամասները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` համաձայն ներդրումային ծրագրի` հայ-չեխական «Գրինէկո-Կաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պատրաստվում է Արմավիր քաղաքի վարչական տարածքի հյուսիսային մասից` գործող աղբավայրի հարակից տարածքից 15 հա մակերեսով հողատարածության վրա աղբի վերամշակման գործարան կառուցել և ջերմատնային տնտեսություն հիմնել: «Ծրագիրը շուրջ 33 միլիոն եվրո արժողություն ունի, որից 21 միլիոն եվրոն նախատեսված է աղբի վերամշակման գործարանի, 11 միլիոն եվրոն` ջերմոցային տնտեսության համար: Իսկ 1 միլիոն եվրոն էլ այլ ծախսերի համար: Ծրագիրն ամբողջությամբ մասնավոր գործակցության արդյունք է»,-ասաց Վաչե Տերտերյանը: Վարչապետի հարցին, թե կան արդյոք ժամկետներ, փոխնախարարը նշեց, որ ընկերության կողմից ներկայացվել է 7 տարվա ժամկետը, բայց դա պարզ կդառնա ներդրումային ծրագիրը հաստատելուց հետո:

Մեկ այլ որոշման նախագծով էլ Վաչե Տերտերյանն առաջարկեց կառավարությանը հավանության արժանացնել Արմավիրի մարզի Արմավիրի քաղաքային համայնքում աղբի վերամշակման գործարան և ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին որոշումը:

Դեռևս 2014թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի գլխավորած պատվիրակության Չեխիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվելու ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Արմավիրի մարզում աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերություն հիմնելու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am