Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Նիգերի արտգործնախարարին

Armenpress 14:24, 8 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել է Նիգերի արտգործնախարար Այչատու Բուլամա Կանեին, ով Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին ներկա գտնվելու համար։ Նախարարը, նշելով, որ խորհրդանշական է ընդունել Նիգերից Հայաստան ժամանած առաջին պատվիրակությանը, հավելել է, որ այս այցը հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու շուրջ քննարկումներ ունենալու համար:

Նախարար Նալբանդյանը ցավակցություն է հայտնել Նիգերի ԱԳ նախարարին Մեքքայում հաջի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով Նիգերի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:

Շնորհակալություն հայտնելով ՖՄԿ նախարարական համաժողովի կազմակերպման և ջերմ ընդունելության համար` Նիգերի արտգործնախարարը իր գոհունակությունն է հայտնել Երևանում գտնվելու և Հայաստանի հետ փոխգործակցության զարգացման շուրջ քննարկումներ ունենալու կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Նիգերի արտգործնախարարը ներկայացրել է տարածաշրջանում «Բոկո հարամ» և այլ ահաբեկչական խմբավորումների գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանց դեմ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հաստատման հնարավորությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am