Վարչապետը ՀԷՑ-ի գործարքը համարում է ճիշտ և ժամանակին արված քայլ

Armenpress 20:02, 7 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ձեռք բերած ընկերությունը շատ կարճ ժամկետներում առողջացնելու է ցանցը և կորուստները հասցնելու է նվազագույնի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները դիմել են հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանն այդ գործարքն իրականացնելու համար: «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր քայլ էր մեր կողմից: Համոզված եմ, որ կարճ ժամանակահատվածում բոլոր կորուստները հասցվելու են նվազագույնի, քննվելու են բոլոր այն ֆինանսական չարաշահումներն ու թալանը, որոնց մասին դուք խոսում եք և եթե այդպիսի բաներ եղել են: Ես այս գործարքը համարում եմ շատ ճիշտ և ժամանակին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ կառավարությունը և Սամվել Կարապետյանը մինչև 2016թ. օգոստոսի 1-ը 50/50 սկզբունքով փոխհատուցելու են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը: «Մենք սուբսիդավորելու ենք 604 հազար ընտանիքների: Ընդհանուր առմամբ` մենք ունենք 766 հազար ընտանիք բաժանորդներ: Տարվա կտրվածքով դա կազմելու է 7-8 միլիարդ դրամ գումար, որը մենք միասին վճարելու ենք: Դա մեծ օգնություն կլինի մեր հասարակությանը»,- հավելեց վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը  նաև հույս հայտնեց, որ դրանով սոցիալական որոշակի խնդիրներ կմեղմվեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am