Գեղարքունիքի մարզում այս տարի պտղի բերքն առատ է

Armenpress 15:30, 22 Սեպտեմբեր, 2015

ԳԱՎԱՌ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի այգեգործական տնտեսություններում մեկնարկել եւ ընթանում է պտուղների` տանձի, խնձորի, դեղձի եւ սալորի բերքահավաքը:Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետների գնահատմամբ` տարին բերքառատ է ստացվել գրեթե բոլոր պտղատեսակների համար: Հավաքված բերքը հիմնականում հանվում է վաճառքի մարզի կամ մայրաքաղաքի շուկաներում, իսկ մի մասն էլ պահեստավորվում է` հետագայում վաճառելու կամ սեփական կարիքների օգտագործման համար:Նախորդ տարվա համեմատ այս տարվա պտղի առատ լինելը հաստատում են նաեւ մարզի այգեգործները:

«Առատ է ստացվել թե’ տանձի, թե’ սալորի ու խնձորի բերքը: Կոնկրետ Ծովինարում սպասվում  է ավելի քան 300 տոննա տանձի ու խնձորի բերք, այնպես որ բոլոր տնտեսությունները  գոհ են բերքատվությունից: Իրացման համար էլ անհանգստանալու պատճառ չունենք, քանի որ պտուղների շուկայական գները համեմատաբար բարձր ու շահավետ են:Մինչեւ սեպտեմբերի վերջերը կավարտվի սալորի եւ տանձի` «Անտառի գեղեցկուհի» կոչվող տեսակի, իսկ մինչեւ հոկտեմբերի երկրորդ կեսը` խնձորի բերքահավաքը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ծովինարցի վաստակաշատ այգեգործ, պտղատու ծառատեսակների տնկիների արտադրությամբ զբաղվող Խաչիկ Տեր-Հովսեփյանը:Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության մասնագետների կանխատեսմամբ` մարզի մոտ 1200 հեկտար տարածք զբաղեցնող այգիներից կհավաքվի 20-25 հազար տոննա պտուղ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am