Գեղարքունիքի մարզում արտադրվել է 138 հազար 134 տոննա հացահատիկ

Armenpress 15:00, 18 Սեպտեմբեր, 2015

ԳԱՎԱՌ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունում ամփոփվել են հացահատիկի բերքահավաքի արդյունքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, մարզի համայնքներից ստացված տվյալների ընդհանուր հանրագումարում` Գեղարքունիքի մարզի տնտեսություններում հավաքվել է 138 հազար 104 տոննա հացահատիկի համախառն բերք: 78 հազար 515 տոննա հացահատիկ հավաքվել է աշնանացան եւ գարնանացան ցորենի, 59 հազար 589 տոննա հացահատիկ` գարնանացան գարու եւ հացահատիկային այլ մշակաբույսերի արտերից:

Նախորդ տարվա համեմատ, հացահատիկի համախառն բերքը պակաս է ստացվել մոտ 7 հազար տոննայով: «Աշնանացանը եւ գարնանացանը տնտեսություններում կատարվեցին ժամանակին, մեր ակնկալիքներն էլ այս տարում ավելին էին, սակայն տեւական երաշտը նվազ բերքատվության պատճառ հանդիսացավ. առանձին տեղերում ցածր բերքատվություն ապահովեցին գարու արտերը»,-նշեց գյուղվարչության պետը:

Սեպտեմբերի 18-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կատարվել է մոտ 5 հազար հեկտար աշնանացան ցորենի ցանք:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am