Դեմիրթաշի գլխավորած պտավիրակությանը չեն թողնում գնալ Ջիզրե

Armenpress 17:36, 9 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատվիրակությանը թուրքական ոստիկանությունը արգելել է գնալ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, պատվիակության կազմում է կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը, քրդական կուսակցությունից պատգամավորներ:   

Պատվիրակության ավտոմեքենաները կանգնեցվել են Միդյաթ-Իդիլ ճանապարհահատվածին: Ոստիկանությունը քրդական կուսակցության ներկայացուցիչներին հայտնել է, որ հնարավոր չի լինելու շարունակել ճանապարհը դեպի Ջիզրե, քանի որ այնտեղ գործում է փողոց դուրս գալու արգելքը: Այդուհանդերձ, բանակցությունները ոստիկանության և քրդական կուսակցության ներկայացուցիչների միջև այս պահին շարունակվում են:

Ջիզրեում սեպտեմբերի 4-ին ընդունված փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է: Ջիզրեի տարբեր հատվածներում շարունակում են լսվել կրակոցների ձայներ: Դադարեցվել են հեռախոսային ցանցի և համացանցի հասանելիությունը, նշվում է, որ գավառում չկա անգամ էլեկտրականություն: Հացի փռերի մոտ գոյանում են մեծ հերթեր: Հերթական վիրավորների թվում են երեխաներ: Հաց գնելու նպատակով փողոց դուրս եկած 5 տարեկան 3 երեխա ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել: Փողոց դուրս գալու արգելքի պատճառով Ջիզրե չեն գնում շտապօգնության հաշվարկները, ինչի պատճառով սեպտեմբերի 8-ի գիշերը այնտեղ մահացել է 80-ամյա բնակիչներից մեկը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am