Երվանդ Քոչարի գործունեության փարիզյան և երևանյան շրջանի ստեղծագործությունները կամփոփվեն մեկ ցուցահանդեսում

Armenpress 17:22, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երվանդ Քոչարի գեղանկարները, գրաֆիկական աշխատանքները, քանդակները և տարածական նկարչության օրինակները կամփոփվեն մեկ ցուցահանդեսում: Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի տուն- թանգարանի հետ սեպտեմբերի 10-ից կանցկացնի «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։

Ներկայացվելու են Քոչարի գործունեության փարիզյան և երեւանյան շրջանի ստեղծագործությունները` երեւանյան շրջանի գերակշռող հատվածով։

ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից: Երվանդ Քոչարը (Քոչարյան) 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1915–18-ին միաժամանակ սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության դպրոցում, 1918–19-ին՝ Մոսկվայի Ազատ գեղարվեստի արվեստանոցների վերջին կուրսում: 1919-ին նկարչություն է դասավանդել Թիֆլիսի հայկական դպրոցներում, 1921-ին՝ բարձրագույն պետական տեխնիկական արվեստանոցներում:

Հայկական գծանկարչության լավագույն նմուշներից է «Սասունցի Դավիթ» էպոսի հոբելյանական ակադեմիական համահավաք տեքստի հրատարակության նկարազարդումների շարքը (1939թ.), որն առանձնանում է միանգամայն նոր ձևով և գեղարվեստական մեկնաբանմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am