Հայաստանյան «Ռոստելեկոմը» միացել է ինտերնետ տրաֆիկի փոխանակման միջազգային խոշորագույն կենտրոններին

Armenpress 12:16, 4 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո հանդես եկող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը միացել է Ֆրանկֆուրտի DE-CIX և Մոսկվայի MSK-IX տրաֆիկի և բովանդակության փոխանակման (Internet Exchange) խոշորագույն միջազգային կենտրոններին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունից, տրաֆիկի փոխանակման միջազգային կենտրոններին միանալն ուղղված էր ինչպես կորպորատիվ բաժանորդներին, այնպես էլ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, նաև շուկայում ընկերության հերթական մրցակցային առավելության ապահովմանը։

Մասնավորապես, MSK-IX-ի հետ կապն ապահովվում է վրացական FOPTNET (Fiber-Optic Telecommunication Network) ցանցի, Փոթի-Նովոռոսիյսկ անդրծովյան մալուխի և ՌԴ տարածքում «Ռոստելեկոմի» սեփական ցանցի միջոցով, իսկ DE-CIX-ի հետ կապն ապահովվում է վրացական Caucasus Online ցանցի, Փոթի-Վառնա անդրծովյան մալուխի և Եվրոպայի տարածքով եվրոպական մի շարք հեղինակավոր օպերատորների ցանցերի միջոցով:

Ընկերությունը ներդրումներն ուղղել է միմյանցից անկախ երկու միջազգային օպտիկական մալուխային համակարգերի միացումներին՝ դրանով իսկ ապահովելով ցանցերի աշխարհագրական և տեխնիկական անկախությունը։ Նշված հարթակների  միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը ուղղակիորեն փոխկապակցվել է միջազգային հեռահաղորդակցության (France Telecom, TeliaSonera, Telenor, Deutshche Telekom, այլ) և բովանդակություն տրամադրող հեղինակավոր ընկերությունների (Google, Facebook, e-Bay, Apple, այլ) ռեսուրսներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am