ՀՀ հյուպատոսությունը հետևում է Դոնի Ռոստովում Ռաֆայել Խլղաթյանի սպանության գործի քննությանը

Armenpress 20:12, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի Ռոստովի մարզում օգոստոսի 30-ին սպանված 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանը Հայաստանի քաղաքացի չէր: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:   

Նրա խոսքով` Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսության խորհրդականը հանդիպել է Ռաֆայել Խլղաթյանի հորը, ով գտնվում է հիվանդանոցում: «Քրեական գործի քննությունն ընթանում է»,- ասաց Բալայանը` ավելացնելով, որ դրան ուշադրությամբ հետևում է Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը:

Դոնի Ռոստովի ոստիկանությունը հաղորդել էր, որ օգոստոսի 30-ին Դոնի Ռոստովի մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ, Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, ինչի համար էլ համագյուղացիները դաժան ծեծի էին ենթարկել խլղաթյանին և նրա հորը: Ռաֆայելը ստացած ծանր վնասվածքներից մահացել է։

Հարուցվել է քրեական գործ «Դիտավորյալ կերպով մահացու մարմնական վնասվածք» հասցնելու հոդվածով։ Ձերբակալվել է հաշվեհարդարի մեկ մասնակից` Անդրեյ Զ.-ն: Հարցաքննության ընթացքում միանգամից մի քանի վկա հայտնել են, որ ճակատագրական հարվածը, որից մահացել է Ռաֆայել Խլղաթյանը, հասցրել է հենց 46-ամյա Անդրեյ Զ.-ն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am