Սահմանադրության նոր նախագծով երկրի անվտանգության և պաշտպանության խնդիրը երաշխավորված է. Սեյրան Օհանյան

Armenpress 13:32, 1 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը մասնակցել է Սահամանդրության նոր նախագծի քննարկումներին, ներկայացրել առաջարկություններ, որոնք բոլորն էլ ընդունվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասաց, որ Սահմանադրության նոր նախագծով անվտանգության և պաշտպանության խնդիրը երաշխավորված է:

«Քննարկումներին մենք մշտապես մասնակցել ենք, տվել ենք մեր առաջարկությունները, մեր բոլոր առաջարկություններն անցել են և այսօր անվտանգության և պաշտպանության խնդիրը նոր Սահմանադրության մեջ երաշխավորված է»,-ասաց նա` հավելելով, որ առարկություններ չունի փաստաթղթում պատերազմական և խաղաղ պայմաններում երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունների առնչությամբ: Հարցին, թե արդյոք հետագայում իրեն ևս տեսնում է որպես պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես իմ պարտականությունը կատարում եմ այն պահին, երբ որ նշանակված եմ տվյալ պաշտոնին: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ պարտքը իմ հայրենիքի հանդեպ կկատարեմ մշտապես՝ որտեղ էլ լինեմ»:

Ըստ սահմանադրական բարեփոխումների նախագծի` «Զինված ուժերի» և «ռազմական դրության» վերաբերյալ գլուխներում ամրագրված է մասնավորապես այն դրույթը, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է, իսկ խաղաղ պայմաններում՝ պաշտպանության նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am