Մարալիկում սեպտեմբերի 13-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են

Armenpress 18:35, 31 Օգոստոս, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում սեպտեմբերի 13-ին կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Այս ընտրություններին նախապես առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԲՀԿ ներկայացուցիչ Արտակ Ավդալյանը, ով ինքնառաջադրվել է, աշխատում է Մարալիկի քաղաքապետարանում որպես տեսուչ,  ՀՀԿ անդամ, համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը՝ առաջադրվելով կուսակցության կողմից, և ինքնաառաջադրված, անկուսակցական Տոնական Գրիգորյանը, ով «Հանգրվան» ՊՈԱԿ-ում աշխատում է որպես պարետ: Վերջինս արդեն հանել է իր թեկնածությունը:

Ի դեպ,  Արտակ Գևորգյանն առաջադրվում է արդեն չորրորդ անգամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր  մարմինների հարցերով վարչության պետ Կառլեն Աբրահամյանը, Մարալիկում  «թեժ» ընտրություններ սպասվում են ոչ միայն թեկնածուների կուսակցական լինելու, այլ նաև  անձերի պատճառով: «Անձի գործոնը շատ մեծ դեր է խաղում: Մենք ունենք համայնքի շատ լավ ղեկավարներ, ովքեր անկուսակցական են: Այստեղ երկու գործոնն էլ կա: Բայց, այո՛ պայքար սպասվում է»,-  նկատեց Կառլեն Աբրահամյանը՝ նշելով որ այս պահին ամեն ինչ արվում է ընտրությունները նորմալ կազմակերպելու համար:

Մարալիկն ունի 5317 ընտրող:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am