Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը

Armenpress 17:43, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսել է «Եվրո 2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան խաղի մարզական հավաքը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, սեպտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ին, Սերբիայի Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում տեղի կունենա «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Սերբիա-Հայաստան հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Սերբիա:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 23 ֆուտբոլիստների: Նախապես հրավիրված ֆուտբոլիստների ցանկից  բացակայում է Էդգար Մանուչարյանը, ով հավաքականին չի միանա վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը: Արտյոմ Սիմոնյանը Երևան կժամանի այսօր երեկոյան, Հենրիխ Մխիթարյանը՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան, իսկ Գևորգ Ղազարյանը՝ սեպտեմբերի 2-ի առավոտյան: Մնացած 20 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Սերբիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am