Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում

Armenpress 16:09, 31 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն այս օրերին ուժեղացված ծառայություն են իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ու փողոցներում:  Ուժեղացված ծառայության են անցել նաև դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործորով ծառայությունների աշխատակիցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Սեպտեմբերի 1-ին մեր հանրապետության կրթական հաստատությունները կրկին դռները կբացեն սովորողների առջև:

ՀՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլորին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթում հաջողություններ: Մեծահասականերին խնդրում ենք ուշադիր լինել և հարկ եղած դեպքում օգնել փողոցը հատող երեխաներին: Վարորդներին կոչ ենք անում խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և բացառել արագության գերազանցումը դպրոցամերձ տարածքներում:

Ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ անխոհեմ քայլերից ինչպես կրթօջախներում, այնպես էլ հարակից տարածքներում: Ավագ դպրոցների աշակերտներին և բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողներին հորդորում ենք պահպանել համակեցության կանոնները և հարգալից ու հանդուրժող լինել միմյանց հանդեպ:

ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն այս օրերին ուժեղացված ծառայություն են իրականացնում ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում ու փողոցներում: Ուժեղացված ծառայության են անցել նաև դպրոցական տեսուչներն ու անչափահասների գործորով ծառայությունների աշխատակիցները: Արվում և արվելու է ամեն ինչ արտակարգ դեպքերը, դժբախտ պատահարները, պարզապես տգեղ միջադեպերը բացառելու համար:

Ոստիկանությունն այս կարևորագույն գործում ակնկալում է հանրության աջակցությունը»,- գրել է Ահարոնյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am