Արամ Խաչատրյանի անվան տրիոն Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա մի շարք երկրներում

Armenpress 10:43, 28 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան տրիոն Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա չորս երկրներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը տեղեկացրեց, որ տրիոն շատ ոգևորված է առաջիկա համերգային շրջագայություններով:

«Սեպտեմբերից համերգներով հանդես կգանք Գերմանիայում, Ճապոնիայում, Ռուսաստանում, Իսպանիայում: Տոկիոյում մեր համերգներից մեկը կկայանա շատ հեղինակավոր համերգասրահում` Suntory Hall-ում: Ճապոնիայի շրջագայությունը կազմակերպում է տեղի Հայաստանի դեսպանությունը` անձամբ դեսպանի նախաձեռնությամբ: Պետք է  ասել, որ ճանապարհածախսը և ուղևորության ծախսերը հոգում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները կազմակերպող հանձնաժողովը: Մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ, ներկայացնել մեր արվեստը, հնչեցնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները» ,-նշեց Արմինե Գրիգորյանը:

Բացի այդ, սեպտեմբերից նոյեմբերն ընկած ժամանակահատվածում տրիոն համերգներով հանդես կգա Ռուսաստանի տարբեր բեմերում: «Եվ որպես տրիո, և որպես մենակատարներ` հանդես կգանք մի քանի ռուսական նվագախմբերի հետ: Ունենք նաև հրավեր Իսպանիայից, այնտեղ հանդես կգանք դեկտեմբերին» ,-տեղեկացրեց դաշնակահարուհին:

Արամ Խաչատրյանի անվան տրիոն ծրագրեր ունի նաև Հայաստանում. սեպտեմբերին երաժիշտները Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր ձայնասկավառակ են ներկայացնելու` հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով: Ձայնասկավառակը կոչվում է «Armenian Masterpieces»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am