Երևանյան բեսթսելեր 3/26. «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը վարկանիշային աղյուսակ է վերադարձել
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, երկրորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:
Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը երրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:
Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն չորրորդ հորիզոնականում է: Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ», «Զանգակ» հրատարակչությունների լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն հինգերորդն է:
Գաբրիել Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցներն ամփոփող ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է:
Յոթերորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ-ին: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմ բոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:
Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն ութերորդ հորիզոնականում է: Ամուսին, կին, սիրեկան, պարտադրված ամուսնություն..Բոլոր ժամանակների համար արդիական այս խնդիրներն է արծարծել համաշխարհային արձակի լավագույն ներկայացուցիչներից մեկը` Ֆյոդոր Դոստոևսկին այս գրքում: Ժողովածուում տեղ գտած ստեղծագործություններում հերոսների կյանքի ողբերգական դրվագները համեմված են սուր հումորային նկարագրություններով, որոնք որոշ դեպքերում էլ վերածվում են հեգնանքի և կծու ծաղրի:
Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանն ընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում: «Մանդիլիոն» գիրքն այս շաբաթ իններորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:
Վարկանիշային աղյուսակը եզրափակում է Ջորջ Օրուելի «1984» վեպը: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 0Անտուան դը Սենտ Էկզյուպերի
«Փոքրիկ իշխանը»
Անտարես/Էդիթ Պրինտ 20/16 2 +7Գաբրիել Գարսիա Մարկես
«100 տարվա մենություն»
Բուկինիստ 16 3 +1Գաբրիել Գարսիա Մարկես
«Սերը ժանտախտի օրերին»
Բուկինիստ 14 4 *Էդգար Հարությունյան
«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»
Անտարես 13 5 *Գրիգոր Նարեկացի
«Մատյան ողբերգության»
ՄՀՄ/ Զանգակ 12/10 6 +4Գաբրիել Գարսիա Մարկես
«Նահապետի աշունը»
Բուկինիստ 10 7 *Քրիս Բոհջալյան
«Ավազե ամրոցի աղջիկները»
Ծիծեռնակ 10 8 *Ֆյոդոր Դոստոևսկի
«Պատմվածքներ»
Բուկինիստ 9 9 -6Վահան Հովհաննիսյան
«Մանդիլիոն»
Անտարես 8 10 -8Ջորջ Օրուել
«1984»
Անտարես 8Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024