«Խոստումը» դրամայում հայ քահանային կմարմնավորի մեքսիկացի դերասան Դանիել Խիմենես Կաչոն

Armenpress 21:23, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քըրք Քըրքորյանի ֆինանսավորած Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) դրամայում հայ քահանայի դերի համար ընտրվել է մեքսիկացի դերասան Դանիել Խիմենես Կաչոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով excelsior.com կայքը, Կաչոն Իսպանիայում կայանալիք նկարահանումներին կմիանա հոկտեմբերին:  Նա մարմնավորելու է հայ քահանայի, ով եղել է Մուսա լեռան դիմադրության կազմակերպինչերից: «Խոսելու եմ անգլերեն, սակայն հայկական առոգանությամբ. դեռ պետք է սովորեմ»,- նշել է դերասանը:

Քըրք Քըրքորյանի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» դրամայի ֆինանսավորման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել հունիսի 15-ին: Նույն օրը բարեգործը մահացել է 98 տարեկանում: Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: Ֆիլմում գլխավոր դերերում են բրիտանացի դերասան Քրիստիան Բեյլը` ամերիկացի լրագրողի դերում, գվատեմալացի  Օսկար Այզեքը` ուսանող բժշկի դերում և կանադուհի Շառլոտա Լեբոնը:

Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությանը ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Ֆիլմի նկարահանումները տեղի կունենան Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Ֆիգերասում նկարահանումները կանցկացվեն ՍանՖեռան ամրոցում, որը 18-րդ դարի ռազմական բերդ է` կառուցված բլրի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am