Արմեն Մելքոնյանը հանդիպել է Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարարին

Armenpress 14:45, 5 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանն օգոստոսի 4-ին հանդիպել է այդ երկրի միջազգային համագործակցության նախարար տիկին Նագլա ալ–Ահուանիի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի ամրապնդման հեռանկարները։ Կարծիքներ են փոխանակվել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի և փոխադարձ ներդրումների խրախուսման ուղիների, երկկողմ համագործակցության համար առավել հեռանկարային ոլորտների շուրջ։ Ընդգծվել է համատեղ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, գործարար շրջանակների միջև հանդիպումների կազմակերպման անհրաժեշտությունը։ Երկուստեք կարևորվել է եգիպտահայության նշանակալից ներդրումը հայ-եգիպտական ավանդական բարեկամության ամրապնդման գործում։

Դեսպան Մելքոնյանը եգիպտացի նախարարին շնորհավորել է օգոստոսի 6-ին սպասվող` Սուեզի նոր ջրանցքի բացման նշանակալից իրադարձության կապակցությամբ։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am