Եգիպտոսի հյուսիսում 12 զինյալներ են սպանվել

Armenpress 21:31, 4 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի անվտանգության աղբյուրները հաստատել են, որ օգոստոսի 4-ին Եգիպտոսի հյուսիսում գտնվող Սինայի թերակղզում հրասանդ ընկնելու հետևանքով 5 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերը միևնույն ընտանիքի անդամներ են: Հրասանդն ընկել է Շեյխ Զուեյդ քաղաքի բնակելի տերից մեկի վրա: Մյուս կողմից 12 զինյալներ են սպանվել եգիպտական օդային ուժերի ռմբակոծության արդյունքում: Ռումբերն ուղղվել են Շեյխ Զուեյդ քաղաքի մերձակա երկու գյուղերի ուղղությամբ: Թիրախում հայտնվել են զինյալների երեք մեքենաները, ապա փոխհրաձգություն է սկսվել բանակի ու զինյալների միջև:

Շեյխ Զուեյդ քաղաքը վերջին շրջանում թեժ բախումների թիրախում է հայտնվել: Բախումներն ընթանում են «Իսլամական պետության» հետ կապված «Ուիլայա Սինա» կոչվող խմբավորման և բանակի միջև:

Նախորդ տարվա հոկտեմբերից Սինայի հյուսիսում արտակարգ դրություն է, որը սահմանվել է «Ուիլայա Սինա» խմբավորման կողմից 30 եգիպտացի զինծառայողների սպանությունից հետո:

Խմբավորումը նախկինում կոչվում էր «Անսար Բեյթ ալ Մակդիս», որը Եգիպտոսի ահաբեկչությունների մեծամասնության հեղինակն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am