Դավութօղլուի և Քըլըչդարօղլուի կուսակցությունները կոալիցիա կազմելու նպատակով վերջին հանդիպումն են անցկացնում

Armenpress 17:33, 3 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիոն կառավարություն կազմելու նպատակով Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունների միջև օգոստոսի 3-ին մեկնարկել է հինգերորդ՝ վերջին հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

ԱԶԿ-ից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Նուման Քուրթուլուշը, մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, զարգացման նախարար Ջևդեթ Յըլմազը և այլոք, իսկ քեմալական կուսակցությունից՝ կուսակցության փոխնախագահ Հալուք Քոչը, Սելին Սայեք Բյոքեն, Բյուլենթ Թեզջանը և այլոք: Թուրքիայում հունիսի 7-ին անցկացված հերթական խորհրդարանական ընտրութուններում ստանալով ընտրողների ձայների 40.8 տոկոսը, ԱԶԿ-ին չի հաջողվել միանձնյա կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ պատգամավորական աթոռներ զբաղեցնել խորհրդարանում:

Ինչի պատճառով Դավութօղլուն նոր կոալիցիոն կառավարություն ստեղծելու համար բանակցում է խորհրդարան անցած Ժողովրդահանրապետական (ԺՀԿ), Ազգայնական շարժում և քրդական Ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ) կուսակցությունների հետ: Բանակցությունների ընթացքը ցույց է տալիս, որ հավանական է` ԱԶԿ-ը կոալիցիա ստեղծի ԺՀԿ-ի հետ, սակայն, Թուրքիայի վերնախավին մոտ կանգնած շրջանակները հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համառորեն դեմ է հանդես գալիս կոալիցիոն կառավարության ձեւավորմանը: Էրդողանը մեկ անգամ եւս հայտարարել էր, որ «կոալիցիոն կառավարությունը չի կարող ապահովել Թուրքիայի հետագա զարգացումը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am