Աբրահամյանն ու Ջահանգիրին պայմանավորվել են սկսել Իրան-Հայաստան բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները

Armenpress 15:50, 1 Օգոստոս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ նախագծերին և ծրագրերին: Այդ համատեքստում, կարևորվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` երկկողմ կապերի հետագա սերտացման գործում:

Պայմանավորածություն է ձեռք բերվել սկսել Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքները: Հեռախոսազրույցում ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին վերահաստատել է, որ այս տարվա ընթացքում պաշտոնական այցով կայցելի Հայաստան:

Վարչապետ Աբրահամյանը և ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող այլ հարցերի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am