Էլեկտրաէներգիայի թանկացումը կառավարությունը կսուբսիդավորի «Որոտան»-ի վաճառքից ստացվելիք միջոցներով

Armenpress 15:27, 1 Օգոստոս, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ կառավարությունն էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կսուբսիդավորի «Որոտանիե ՀԷԿ-երի կասկադի վաճառքից ստացվելիք գումարով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Մինչ ՀԵՑ-ում աուդիտի ավարտը` ՀՀ կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման բեռը: Այդ մասին հայտարարել է նաև ՀՀ նախագահը: Ծախսերը սուբսիդավորվելու են եՈրոտանի« ՀԷԿ-երի կասկադի օտարումից ստացվելիք գումարներով»,- նշեց վարչապետը:

Էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով թանկացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումից հետո տեղի ունեցան բողոքի ակցիաներ: Այնուհետև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԵՑ-ում աուդիտ անցկացնելու որոշման մասին: Դրանից հետո որոշում էր կայացվել նաև, որ մինչև աուդիտի ավարտը` կառավարությունը սակագնի թանկացումը կվերցնի իր վրա:

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am