Սիրիահայ բժիշկ Անդրանիկ Արսլանյանն աշխատանքի է անցել Սեւանի պոլիկլինիկայում

Armenpress 22:04, 31 Հուլիս, 2015

ԳԱՎԱՌ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : ՀՀ առողջապահության նախարարության միջնորդագրով եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անմիջական աջակցությամբ՝ սիրիահայ բժիշկ Անդրանիկ  Արսլանյանն աշխատանքի է անցել Սեւանի պոլիկլինիկայում:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը, հալեպահայ Անդրանիկ Արսլանյանը ծնվել է 1961 թվականին, Սիրիայում, 1984-1990 թվականներին սովորել եւ ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտը, 1993 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն հաստատության  օրդինատուրան: Նա մասնագիտացել է քիթ-կոկորդ-ականջաբանի մասնագիտության մեջ եւ Սիրիայում համապատասխան վիրահատություններ է կատարել, ինչպես նաեւ աշխատել  Սիրիայի Հանրապետության առողջապահության նախարարությունում: Անդրանիկ Արսլանյանը միաժամանակ ընդգրկվել է ՀՀ պաշտպանության նախարարության Սեւանի զինկոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի կազմում: Անդրանիկ Արսլանյանի ընտանիքն այսօր ապրում է Երեւանում, իսկ ինքն արդեն մեկ ամիս է, ինչ ապրում եւ աշխատում է Սեւան քաղաքում:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am