ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում ԶԼՄ-երի վնասված տեխնիկան վերադարձնում է արտաբյուջետային միջոցների հաշվին

Armenpress 18:04, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը հունիսի 23-ի վաղ առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հավաքը ցրելու ընթացքում մի շարք զանգվածային լրատվության միջոցների վնասված տեխնիկան գնել է արտաբյուջետային միջոցներով: ««Ազատություն» ռադիոկայանին այսօր վերադարձվել է վնասված տեխնիկան: Այդ տեխնիկան ձեռք է բերվել արտաբյուջետային միջոցներով, իսկ կոնկրետ գումարի չափը դեռևս ճշգրտվում է. տեղեկատվությունը կհաղորդենք ավելի ուշ»,- այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի հավաքը ցրելու ընթացքում ՀՀ ոստիկանական գործողության շրջագծում հայտնվել էին նաև լրագրողներ, որոնք հետևողականորեն անտեսել էին հավաքի վայրից ողջամիտ հեռավորություն պահպանելու և ոստիկանության օրինական գործողությունները չխոչընդոտելու կոչերն ու հորդորները, ըստ էության՝ դառնալով հավաքի մասնակիցներ:

Հունիսի 23-ին «Արմենպրես»-ի հարցադրմանն ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «Լրագրողներից վերցված տեխնիկան հե՞տ է վերադարձվելու» հարցին ի պատասխան` նշել էր հետևյալը. «Իհարկե, հետ կվերադարձվեն, եթե վերցրել են»: «Իսկ եթե բերում իրականացնելու ժամանակ տեխնիկան կոտրվել է, ի՞նչ է լինելու հետո» հարցին` հնչել էր Արմեն Մալխասյանի հետևյալ պատասխանը. «Դա արդեն առաջիկայում կճշտենք, թե ով է կոտրել ու ինչպես»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am