PKK-ն կրկին թուրք ոստիկանների է սպանել

Armenpress 09:43, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներից բաղկացած մի խումբ զինված հարձակում է գործել Փոզանթը գավառի անվտանգության վարչության շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հարձակման արդյունքում կողմերի միջև կրակահերթ է սկսվել, ինչի հետևանքով զոհվել է 2 ոստիկան և երկու ահաբեկիչ: Վերջիններիս ձեռքերում գտնվող ռումբերը հնարավոր է եղել չեզոքացնել:

Թուրքական ուժային կառույցների դեմ քուրդ զինյալների կողմից վերսկսված ռազմական գործողությունների հետևանքով երկրի տարբեր գավառներում և նահանգներում ամեն օր զոհվում են ոստիկաններ և զինվորներ: Հուլիսի 30-ին PKK-ի գործողությունների հետևանքով մեկ ոստիկան էր սպանվել Դիարբեքիրում և երեք զինծառայող Շըրնաքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am