Դիարբեքիրում քուրդ զինյալները ոստիկանի ու քաղաքացու են սպանել

Armenpress 09:43, 30 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները կրկին հարձակում են գործել Դիարբեքիրի ոստիկանության վրա: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, քուրդ գրոհայինները հարձակում են իրականացրել Չընար գավառում:

PKK-ի մարտիկները ավտոմեքենայի միջից կրակել են թեյարանում նստած ոստիկանի՝ Մեհմեդ Ույարի վրա, ինչի հետևանքով վիրավորվել են ոչ միայն ոստիկանը, այլև նույն վայրում գտնվող ևս երկու քաղաքացի: Ծանր վնասվածքներով նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ չնայած բժիշկների միջամտությանը, ոստիկանն ու քաղաքացիներից մեկը զոհվել են:

Ոստիկանությունը դեպքի վայրում հետաքննություն է սկսել մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:

Վերջին օրերին սա Դիրաբեքիրում քուրդ զինյալների հարձակման և դրա հետևանքով զոհերի գրանցման առաջին դեպքը չէ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am