Համահայկական 6-րդ խաղերի ջահն Արտաշատում էր


ԱՐՏԱՇԱՏ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում հուլիսի 29-ին տեղի ունեցավ Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ջահը վառվել է Վանա լճի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում: Անցնելով Հայաստանի տարբեր մարզերով` ջահն այսօր Արտաշատ տեղափոխվեց Վայոց Ձորի մարզից, որտեղ հանդիսավոր արարողությունից հետո ջահակիր, ՀՀ բազմակի, ԱՊՀ երկրների բանակայինների կրկնակի, Համահայկական խաղերի չեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ Արամ Դավթյանն այն տեղափոխեց քաղաքամայր Երեւան:

Ջահակիրը ՀՀ եռագույն եւ Համահայկական խաղերի դրոշների ուղեկցությամբ Արտաշատի լճի տարածքից վազքով ջահը հասցրեց եկեղեցու բակում տեղադրված Համահայկական խաղերի հարթակ: Հնչեց ՀՀ օրհներգը:

Տեր Երվանդ քահանա Բաբայանը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ չնայած բազմաթիվ դժվարություններին, պարտավոր ենք միասանական լինել, դիմակայել բազում մարտահրավերների: Նա, իր խոսքում այս խաղերը կապելով Եղեռնի 100-ամյա միջոցառումների շարքի հետ, ընդգծեց, որ այսօր արդեն մենք ոչ միայն պետք է, այլ պարտավոր ենք լինել պահանջատեր եւ չլինենք խնդրողի դերում: «Նման խաղերը եւս մեկ խթան են միասանական, ուժեղ եւ կայուն լինելու համար»,-եզրափակեց իր խոսքը քահանան:

«Ողջունում եմ ներկաներին, սպորտի սիրահարներին ջահը մարզեկնտրոն Արտաշատ հասցնելու եւ առաջիկայում Համահայկական 6-րդ խաղերի մեկնարկի կապակցությամբ: Սա եւս մեկ առիթ է Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման, խաղերի շրջանակներում բազմաթիվ հայորդիների հայրենիքում լինելու համար, ովքեր այստեղ են գալիս ոչ միայն հաղթելու ցանկությամբ, այլ հայրենիքը տեսնելու, զգալու եւ ճանաչելու նպատակով: Ուժեղագույններին մաղթում եմ հաղթանակի բերկրանքը գզալու հաճույքը»,-ասաց քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:

Ելույթի խոսքով հանդես եկավ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ով,ողջունելով ներկաներին, ջահակրին բարի ճանապարհ մաղթեց դեպի Երեւան: 

Վերջինիս ճանապարհելուց հետո եկեղեցու բակում շարունակվեց տոնախմբությունը` երգիչ-երգչուհիների, ազգագրական եւ ժողովրդական պարախմբերի մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մարզի տարբեր տարածաշրջանների բնակիչներ, սպորտսմեններ, դպրոցականներ:

Համահայկական խաղերը Հայաստանում անց են կացվելու օգոստոսի 2-13-ը: Աթլետիկա մարզաձեւը կանցկացվի Արտաշատի քաղաքային մարզադաշտում` օգոստոսի 5-ին, 6-ին եւ 7-ին:

Լիլիթ Մաճկալյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am