Արմեն Աշոտյանը Տրայան Հրիսթեային պարգևատրել է ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով

Armenpress 13:16, 29 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակության ղեկավարին` Հայաստանում իր առաքելության ընթացքում կատարած աշխատանքի, կրթության և գիտության ոլորտում իրականացրած ծրագրերի համար: Արձանագրելով, որ ԵՄ հետ համագործակցությունը  եղել է արդյունավետ, Արմեն Աշոտյանը, հատուկ ընդգծել է աջակցությունը բարձրագույն և միջին մասնագիտական կրթության  ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԵՄ-ի կողմից իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես, «Էրազմուս+», «Հորիզոն 20-20», «Թվինինգ» ծրագրերի ընթացքին: Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի ակտիվ մասնակցությունը բոլոր ծրագրերում կլինի շարունակական:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը դեսպան Տրայան Հրիսթեային  սերտ և արդյունավետ համագործակցության համար պարգևատրել է  ՀՀ ԿԳՆ շնորհակալագրով: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am