ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին

Armenpress 17:41, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հուլիսի 28-ին հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Նատալյա Վուտովային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում Արման Մկրտումյանն ու Նատալյա Վուտովան քննարկել են ՀՀ դատական համակարգի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության արդյունքում գրանցված նվաճումներն ու արդի մարտահրավերները:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ բարձր է գնահատում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծել է ՀՀ դատական համակարգի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և նշել, որ անկախ դատական համակարգը ժողովրդավարական պետության գոյության նախապայմանն է: Նատալյա Վուտովան հույս է հայտնել, որ ՀՀ դատական համակարգի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի միջև ստեղծված արդյունավետ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:

Հանդիպման ավարտին Նատալյա Վուտովան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ուղեկցությամբ շրջել է ՀՀ վճռաբեկ դատարանի «Կարմիր» և «Սպիտակ» դահլիճներում, «Մխիթար Գոշ» գրադարանում, ծանոթացել ՀՀ վճռաբեկ դատարանի պատմությանը:

Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ ՀՀ դատական համակարգի համագործակցության շրջանակներում ներկայում իրականացվում են հետևյալ երկու ծրագրերը` «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» և «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը Հայաստանում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am