Yahoo Travel- ն անդրադարձել է Գյումրիի հայտնի տղամարդկանց վարսավիրանոցին

Armenpress 15:03, 28 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի 75 տարվա պատմություն ունեցող վարսավիրանոցը, որը հայտնի է իր կոլորիտով և երկար տարիներ աշխատող վարսավիրներով, հայտնվել է Yahoo Travel կայքի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կայքը փոքրիկ անդրադարձ է կատարել Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի հայտնի վարսավիրանոցին:

«Մինչ Բրուքլինի հիփսթերները փորձում են նմանակել ռետրո ոճի վարսավիրանոցներին, այս վայրն իրական է: Իրականում ռետրո են այստեղի վարսավիրները, ներքին հարդարումը և նույնիսկ գործիքները, որոնք չեն ենթարկվել փոփոխության տասնյակ տարիներ: Այստեղի կարմիր բազկաթոռներն ունեն 50 տարվա պատմություն, իսկ վարպետ վարսավիր, 84-ամյա Խաչիկ Արեստակեսյանն այստեղ աշխատում է 60 տարի »,- գրում է հոդվածի հեղինակը:

Հոդվածի հայազգի  հեղինակը, ով ԹՈՒՄՈ-ի հրավերով առաջին անգամ գտնվում էր Հայաստանում, զարմացել էր, թե ինչպես էին վարսավիրանոցում պահպանվել առաստաղի հին ձեռագործ զարդերը, ջահերը, փայտե հատակը, տարիօրնակ թվացող գործիքները: Թույլ տալով իրեն ածիլել 75 տարվա պատմություն ունեցող վարսավիրանոցում` նա խորհուրդ է տալիս ցանկացած երիտասարդի անել նույնը Գյումրի այցելելու ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am